Էկոնոմիկայի նախարարը կոչ է անում անհարկի գնումներ չկատարել, պարենային անվտանգության ապահովման բոլոր ռեսուրսները կան
ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները և քաղաքացիներին կոչ անելով խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։
Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։
Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»,- մեկնաբանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Կարծիքներ