«Դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ է այս ամենը․ Արման Բաբաջանյան
ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես եկավ հայտարարությամբ։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Հայաստանում կատարվող գործընթացները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն։ Ըստ նրա՝ դա նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելու ցավագին իրողությունն է։ Դա վկայություն է այն իրողության, ինչ այսօր մենք տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես՝ ռուսական եթերում։ «Ազգային ժողովի ընդդիմադիր մեր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերներից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության գլխին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ այս ամենը տեղավորվում է պարզագույն՝ «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ։
Բաբաջանյանի համոզմամբ, այդ սխեման շատ պարզ է․ սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլեւ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով։ Պատգամավորի պնդամամբ՝ սա անթույլատրելի գործելաոճ է, եւ բոլոր այդ սուբյեկտները ԱԺ ամբիոնից սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին՝ ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի՝ անգամ չնչին զգացողություն։
«Պարոնա՛յք, այս իրադարձություններն անցելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի՛ ջնջվելու հասարակության, եւ, իհարկե, մեր բոլորի հիշողությունից»,- եզրափակեց Բաբաջանյանը։
Կարծիքներ