Չիլիի նախագահն օրենք է ստորագրել, որը քաղաքացիներին թույլ է տալիս COVID-19-ի պատճառով հանել կենսաթոշակային կուտակումների մի մասը
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան օրենք է ստորագրել, որը քաղաքացիներին թույլ է տալիս հանել կենսաթոշակային կուտակումների մի մասը` կորոնավիրուսի պատճառով ստեղծված տնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու համար, ասված է կառավարության հաղորդագրության մեջ, գրում է The Wall Street Journal-ը։
«Նախագահ Սեբաստիան Պինյերան ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ օրենքը, որը թույլ է տալիս անհատական հաշիվներից միջոցներ հանել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, քաղաքացիները կարող են հանել իրենց կենսաթոշակային կուտակումների մինչև 10 տոկոսը։ Օրենքը հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից։
Այս միջոցը հասանելի կլինի մոտ 11 միլիոն մարդու, սակայն կլինեն նաև բացառություններ: Հիշյալ օրենքը չի ազդի այն մարդկանց վրա, որոնք երբեք չեն աշխատել և չեն կատարել վճարումներ կենսաթոշակային համակարգում, որոնք թոշակի են անցել հին կենսաթոշակային համակարգով, ինչպես նաև զինված ուժերի աշխատակիցների և ոստիկանների վրա, որոնք աշխատել են միայն այդ համակարգում։
Նշենք, որ երկրում կորոնավիրուսի բռնկումից ի վեր հաստատվել է հիվանդության 341 304 դեպք, որից 8914-ը՝ մահվան ելքով։
Կարծիքներ