Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը

Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը: Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղիով զարգանալու ճանապարհը: 

 

«Անցնող տարիների ընթացքում Եվրոպական միության խորհրդարանը եղել է արդարության, ազատության ջահակիրը եվրոպական ինստիտուտների շրջանում»,- փաստել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ու հավելել՝ Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգը:

 

Համանախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովը հավանության է արժանացրել այն նախագիծը, որով մեր երկիրը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը:

 

«Սա մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի պահանջն էր, և խորհրդարանում իշխող մեծամասնությունը որոշեց ընդառաջել այս նախաձեռնությանը և կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով առաջ տանել գործընթացը»,- ընդգծել է Արման Եղոյանը:

 

Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում ձեռքբերումներին՝ պատգամավորն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

 

«Սա մի որոշում էր, որին մենք շատ տևական ժամանակ սպասել ենք և աշխատել ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլև ԵՄ անդամ երկրների հետ առանձին»,- նշել է Արման Եղոյանը և շնորհակալություն հայտնել ԵՄ անդամ 27 պետություններին՝ երկխոսությունը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ մի քանի տարիների ընթացքում վիզաների ազատականացումը կդառնա իրողություն:

 

Արման Եղոյանը կարևորել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի միջոցով Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:

 

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի խոսքով էլ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան սերտ հարաբերություններ երբեք չեն ունեցել:

 

«Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան: Եվրոպական խորհրդարանն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն ինչ կախված է նաև Հայաստանից, թե ինչ բնույթի հարաբերություններ է ձգտում ունենալ»,- նշել է Նիլս Ուշակովսն ու փաստել՝ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, առաջնահերթության և չափորոշիչների:

 

«Կարևոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան՝ ինչ մարտահրավերներ ակնկալեն և չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- հավելել է համանախագահը:

 

Նա կարևորել է այն հանգամանքը, որը Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և դարձել Միջազգային քրեական դատարանի անդամ:

 

«Այսպիսի մարտահրավերների պայմաններում Հարավային Կովկասում շատ կարևոր է, որ մեր անվտանգային համագործակցությունը զարգացնենք: ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Նիլս Ուշակովսը և խոսել Ադրբեջանի կողմից այս համագործակցությունը մերժելու ու ԵՄ առաքելությունը Հայաստանում դադարեցնելու ցանկության մասին:

 

«Հայաստանը հանձն է առել խաղաղության օրակարգ, և մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,- նշել է համանախագահը:

 

Եվրոպացի պատվիրակը փաստել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարարածաշրջանի կապերի և ենթակառուցվածքների բացման համար: Այս համատեքստում նա կոչ է արել Անկարային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն առանձնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից:

 

Օրակարգի և 2023 թվականի մարտի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

 

Առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանության ամրապնդման, Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերությունների օրակարգերը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը:

 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է արդարադատության ոլորտում բարեփոխումների և ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին: Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ոլորտում անելիքները բազմաթիվ են և ստանձնած քաղաքական հանձառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը, որ արդարադատությունը սպասարկի արդարության շահը:

 

Նախարարն անդրադարձել է նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում անելիքներին: Նախատեսվում է ունենալ նոր բանտային համակարգ, նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ, կբարձրացվեն պրոբացիայի ծառայության կարողությունները:

 

«Վերջին տարիներին Եվրամիության հետ հարաբերություններում գրանցված առաջընթացը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու երկկողմ օրակարգը, տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,- ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

 

Փոխնախարարի խոսքով ՀՀ քաղաքացիները ցանկանում են ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ, ինչի ապացույցն է ԵՄ-ին անդամակցելու՝ խորհրդարան ներկայացված նախաձեռնությունը: Պարույր Հովհաննսյանը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերը՝ հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և անվտանգության ոլորտներում բարեփոխումների համատեքստում:

 

«Հայաստանը շնորհակալ է Եվրամիությանը՝ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու համար»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը և հավելել, որ այն նպաստում է Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում կայունության պահպանմանը և նվազեցնում էսկալացիայի հավանականությունը:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարևորել է մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդման հանձնառությունը, այս համատեքստում խոսել կոնկրետ ծրագրերի ու քայլերի մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի առանձնահատկություններին: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին անդրադառնալով՝ դեսպանը փաստել է՝ փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:

 

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արդյունավետ է համարել ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցությունը: Նա անդրադարձել է միգրացիոն բնագավառում իրականացվող գործողություններին՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ: Նախարարը խոսել է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումներից, պարեկային ծառայության գործարկումից հետո գրանցված դրական արդյունքներից: Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մշակմանը:

 

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակներին, ճանապարհային քարտեզին ու ժամկետներին: Այս համատեքստում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը կարծիք է հայտնել, որ պետք է փորձել խուսափել ոչ իրատեսական սպասումներից ու ակնկալիքներից և ասել ժողովրդին, թե ինչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալ, ընտրել այս ճանապարհը, ինչ ենք փոխելու մեր երկրում և միջազգային հարաբերություններում:

 

«Մենք երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակացույցի հետ կապված: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սա երկարատև գործընթաց է»,- փաստել է նա:

 

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է՝ կունենանք կանոնակարգված պարբերական հանդիպումներ Ազգային ժողովի հետ, կքննարկենք համագործակցության, բարեփոխումների շրջանակը:

 

Նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ժողովրդավարական արժեքների, անվտանգության ու մարդու իրավունքների հարցերում համընդհանոր նպատակներին ու արժեհամակարգին: Ընդգծվել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երկկողմ իրականացվող գործընթաց է:

 

«ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության միջոցով ու դիվերսիֆիկացիան» թեմայի շրջանակում ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի մասին են խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Վասիլիս Մարագոսը:

 

Տարածաշրջանային և գլոբալ անվտանգային մարտահրավերների ու Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-Հայաստան փոխգործակցության շրջանակում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը:

 

Նիստի մասնակիցները խոսել են տարածաշրջանային անվտանգային խնդիրների, Հայաստանի եվրոպական ձգտումների մասին: Հնչել է տեսակետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում պետք է լինի միջնորդի և երաշխավորի ինստիտուտ: Հայ պատվիրակները բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցերը: Կարևորվել է տարածաշրջանային կայունությունը, անդրադարձ է եղել հարևան պետությունների հետ հարաբերություններին:

 

Նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն:

 

Նիստից հետո տեղի է ունեցել համանախագահներ Արման Եղոյանի և Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրատվամիջոցներին ներկայացվել են նիստի արդյունքները: Համանախագահները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում