Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևային:
Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարևորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձևերի քվեարկության համակարգային մոտեցման և միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության և փոխգործակցության կարևոր հարթակ:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսևորմանը և դրան հաջորդած դեպքերին: Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80.000 հայ: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50.000) և Սամարղանդ (25.000) քաղաքներում:
Սամարղանդ քաղաքը՝ որպես մշակույթների խաչմերուկ, ոգեշնչում էր մեր հայրենակից, հայ իմպրեսիոնիստ և ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Տեր-Թադևոսյանին: Սամարղանդում նա ստեղծել է ավելի քան 400 արվեստի նմուշ: «Հպարտությամբ կցանկանայի նշել Հովհաննես Տեր-Թադևոսյանի դերը 20-րդ դարի սկզբին Ուզբեկստանի կերպարվեստի ձևավորման գործում: Նա մասնակցել է Նկարիչների միության ստեղծմանը և հիմնել կերպարվեստի աշխատողների ասոցիացիա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարն Ալեն Սիմոնյանին խնդրել է փոխանակվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում մեր երկրի առաջավոր փորձով:
Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել պաշտոնական փոխայցերի հրավերներ:
Կարծիքներ