Աննա Գրիգորյանը միանում է «Վերածնվող Հայաստան»-ին. (տեսանյութ)
«Իմ քայլը»-ից դուրս եկած, անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը և պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին:
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, և կարծում եմ ստեղծվել է անհրաժետաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ քայլեր չի ձեռնարկել և մեծ հաշվով անտարբերության է մատնել Սյունիքը և այդ կուսակցությունը ստեղծվել է հենց Սյունիքում, կորիզն էլ Սյունիքի համայնքապետերեն են»,-նշեց պատգամավորը:
Գրիգորյանը հավաստիացրեց, որ չնայած կուսակցությունը ստեղծվել է Սյունիքում, բայց ամրանալու է Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում:
Դիտարկմանը, որ «Վերածնվող Հայաստան»-ը ընտրությունների ժամանակ դաշինքով է հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի հետ և Աննա Գրիգորյանը կլինի ցուցակում 3-րդ կինը, պատգամավորը ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշելով, որ դեռ վաղ է այդ մասին խոսել:
Հարցին, արդյոք խոչընդոտ չէ այն հանգամանքը, որ Գրիգորյանը 2.5 տարի եղել է ՔՊ անդամ, առաջադրվել այդ կուսակցությունով, ներկայացրել հեղափոխությունն ու մերժել նախկիններին, այժմ հնարավոր համագործակցության է գնում Ռոբերտ Քոչարյանի հետ, պատգամավորը պատասխանեց.
«Երբ վերջնական որոշում լինի, ինձ կարող եք տալ բոլոր հարցերը, բայց ինձ համար անընդունելի են բոլոր բաժանումները»:
Կարծիքներ