Մոսկվան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում», - գրված է հայտարարությունում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան նաև ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։
«Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիևը) շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», - նշված է հայտարարությունում։
Կարծիքներ