Պապոյանն այցելել է դեղագործական ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթանալու արտադրական գործընթացներին և ընկերության ներդրումներին դեղագործական ոլորտի զարգացման գործում: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Նախարարը շրջել է ընկերության արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացներին և կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։ Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության թվով երեք՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման», «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման», «Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման» ծրագրերից:
Բացի այդ, ընկերությունը ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Այս ծրագրերը մեծապես նպաստել են արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաների պահանջներին համապատասխան դեղամիջոցների մշակմանը։
Համահունչ կառավարության արտահանման դիվերսիֆիկացիայի ռազմավարությանը՝ ընկերության արտադրանքի 60%-ը արտահանվում է ավելի քան 10 երկիր, ներառյալ Մոլդովա, Վրաստան, Ուզբեկիստան, Իրաք և Արևելյան Եվրոպա։ Ընկերությունն արտադրում է 60 անուն ապրանք, ունի 135 աշխատակից և օգտագործում է միայն եվրոպական հումք՝ ապահովելով արտադրանքի որակի բարձր մակարդակը։
Նախարարը նշել է, որ պետությունը մշտապես աջակցում է դեղագործական ընկերություններին՝ կարևորելով տեղական արտադրության ընդլայնման, արտահանման հնարավորությունների մեծացման և ոլորտի մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը։
Կարծիքներ