ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված Pfizer-ի հաբերի օգտագործմանը

ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված Pfizer-ի հաբերի օգտագործմանը

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի հարցերով վարչությունը (FDA) հաստատել է COVID-19 դեմ Pfizer դեղագործական ընկերության հաբերի օգտագործումը։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

Ըստ Pfizer-ի՝ Paxlovid կոչվող դեղամիջոցը կարող է օգտագործվել կորոնավիրուսի բուժման համար, որն օրգանիզմում հայտնվում է թեթև կամ չափավոր ձևով։:

«Pfizer-ը պատրաստ է անհապաղ սկսել դեղամիջոցի առաքումը Միացյալ Նահանգներ, որպեսզի Paxlovid-ը հնարավորինս շուտ հասնի հիվանդներին», – ասել է Pfizer-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան:

Նշվում է, որ դեղը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց համար:

Հաբերի օգտագործման կողմնակի ազդեցությունները ներառում են համի զգացողության բթացում, փորլուծություն, արյան բարձր ճնշում և մկանային ցավ:

Հետազոտությունների համաձայն՝ Paxlovid-ը նվազեցնում է COVID-19-ից հոսպիտալացման կամ մահվան վտանգը 89%-ով (ախտանիշների ի հայտ գալուց հետո երեք օրվա ընթացքում) և 88%-ով (ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում):

Բացի այդ, վերջին լաբորատոր տվյալները ցույց են տալիս, որ դեղամիջոցը շարունակում է արդյունավետ մնալ Omicron շտամի դեմ, հայտնել են Pfizer-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում