Ֆրանսիայի արտգործնախարարն Ուկրաինա է ժամանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում, փոխանցում է Korrespondent-ը։ «Հենց նոր ժամանեցի Ուկրաինա՝ հայտնելու Ֆրանսիայի աջակցությունը ուկրաինացի ժողովրդին»,- գրել է նա։ «Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր առաջին ուղևորությունն է կատարում Ուկրաինա՝ Կիև:
Այս այցով նախարարը ցանկանում է ցույց տալ Ֆրանսիայի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ և նրա լիակատար վճռականությունը՝ ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դիմաց՝ թե՛ հումանիտար, թե՛ ֆինանսական, և թե՛ պաշտպանական տեխնիկայի մատակարարման առումով»,- իր հերթին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ Ուղևորության ընթացքում Կոլոննան նախատեսում է այցելել Բուչա, ինչպես նաև Ուկրաինայի իշխանություններին հանձնել քաղաքացիական անվտանգության սարքավորումներ (հրշեջ մեքենաներ և շտապօգնության մեքենաներ): Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, հացահատիկի և ձեթի արտահանման արգելափակման հարցը։ Հանդիպում է նախատեսված նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ավելի վաղ, հիշեցնենք, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել 15 կամ 20 տարի։
Կարծիքներ