Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը և մի քանի նախարարներ հրաժարական են տվել սկանդալի պատճառով

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը և մի քանի նախարարներ հրաժարական են տվել սկանդալի պատճառով

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար և կառավարության «երկրորդ մարդը» համարվող Հիրոկաձու Մացունոն հրաժարական է տվել իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման հետ կապված սկանդալից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, Մացունոն իր հրաժարականի մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։

 «Ես վարչապետ (Ֆումիո) Կիսիդային հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնից, որպեսզի չառաջացնեմ քաղաքականության իրականացման կասեցումներ, և հրաժարական տվեցի», - ասել է նա։

Նախարարների կաբինետում գլխավոր քարտուղարի պաշտոնն առանցքային է։ Հենց նա է համակարգում  բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությունը, ինչպես նաև օրական երկու անգամ մամուլի ասուլիսներում հանդես է գալիս կառավարության անունից։

Սկանդալի մեջ ներքաշված են ԼԴԿ-ի մի քանի խմբակցություններ, հիմնականում՝ նախկինում հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեի կողմից ղեկավարվող ամենամեծ ներկուսակցական խումբը։ Այս սկանդալի պատճառով կառավարության վարկանիշը, ըստ հարցումների, շեշտակի նվազել է՝ մինչև ռեկորդային 17,1 %-ի, ինչը «վտանգավոր նշագիծ» է համարվում:

Ավելի վաղ լիազորությունները վայր դնելու դիմումներ են  ներկայացրել նաև Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոսի Նիսիմուրան, գյուղատնտեսության գերատեսչության ղեկավար Իտիրո Միյասիտան, վարչական հարցերի նախարար Ձյունձի Սուձուկին, ինչպես նաև ԼԴԿ-ի այլ պաշտոնյաներ:

Ըստ մեղադրանքների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում անձնական օգտագործման համար ապօրինաբար յուրացրել են հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում