Ադրբեջանում ջրի դեֆիցիտի իրական վտանգ կա․ երկրում կրկնակի թանկացել է խմելու ջրի սակագինը
Աշխարհում խմելու ջրի սակավության խնդիր է նկատվում։ Ադրբեջանն այն երկրների շարքում է, որտեղ ջրի դեֆիցիտի իրական վտանգ կա։ Այս մասին այսօր հայտարարել է «Ազերսու» ընկերության ներկայացուցիչ Էլչին Ջամալովը։ «Հայտնի է, որ մեր երկրի ջրային պաշարների 70 տոկոսը ձևավորվում է նրա սահմաններից դուրս։ Միջազգային փորձագետներն էլ նշում են, որ բացակայում են սպառողին ջուր հասցնելու ֆինանսական միջոցները։ Դրա համար էլ ջրի պակասը կարևոր դեր է խաղում ազգային շահերի ապահովման գործում»,- ասել է Ջամալովը։ Նա նշել է, որ սակագնի ինդեքսացիան ամենահարմար միջոցներից է այդ ուղղությամբ դժվարությունները հաղթահարելու համար։
Կարևոր կետերից մեկը բարձրակարգ, կայուն ջրամատակարարման ապահովումն է։ «Ենթակառուցվածքների բացակայության պատճառով ընկերության առջև լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ սակագնի բարձրացումից ստացված միջոցները կծառայեն դրանց վերացմանը»,- ասել է Ջամալովը՝ անդրադառնալով Ադրբեջանում ջրի սակագնի բարձրացմանը։ Նշենք, որ այսօրվանից Ադրբեջանում ջրի սակագինը կրկնապատկվել է։ Բաքու, Սումգայիթ, Խրդալան քաղաքներում և Ապշերոնի շրջանում բնակչության ջրամատակարարման սակագինը կրկնապատկվել է՝ 1 խորանարդ մետրի համար կազմելով 0․7 մանաթ, մյուս վարչատարածքային շրջաններում բնակչության համար բարձրացված ջրի սակագինը կազմում է 0․6 մանաթ։
Ջրի սակագնի բարձրացումը մեծ դժգոհություն է առաջացրել ադրբեջանցիների շրջանում, ինչի մասին վկայում են նաև սոցցանցերում թեմայի շուրջ գրառումներն ու քննարկումները։ «Կրկնակի բարձրացումը պարզապես ապշեցնում է։ Նախկինում, երբ բարձրացնում էին ջրի գինը, այն բացատրում էին էլեկտրականության թանկացմամբ։ Իսկ հիմա դա էլ չկա։ Ուղղակի վերցրել ու բարձրացրել են»,- «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է Բաքվի բնակիչ Մուսա Բալաևը։ Այլ բնակիչներ էլ ասել են, որ գների բարձրացումը համավարակի ֆոնին է տեղի ունենում։
«Գրեթե ամբողջ տարի չենք աշխատել համավարակի պատճառով, ապրել ենք խնայողութուններով։ Հիմա էլ գներն են բարձրացնում։ Ջուրն ամենակարևորն է՝ ամեն ինչի վրա կարելի է խնայել, բայց ոչ ջրի։ Ջուրը սնունդ է, առողջություն, սանիտարիա, հիգիենա»,- ասել է Բաքվի բնակչուհի Լեյլա Իսկենդերովան։ Նշենք նաև, որ հունվարի 1-ից Ադրբեջանում բարձրացել է նաև բենզինի ու դիզվառելիքի գինը։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ջրային պաշարների նվազումը նոր խնդիր չէ, սակայն վերջին տարիներին բավական սրվել է։
Հատկապես, Կուր գետի ջրի մակարդակի կտրուկ նվազում է նկատվում։ Վերջին տարիներին նկատվող գլոբալ տաքացումն ու ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցրել են նրան, որ Կուր գետից Ադրբեջանին հասնող ջրի ծավալները կրճատվել են 25 տոկոսով, իսկ Արաքս գետից՝ 60 տոկոսով։
Կարծիքներ