Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը:

Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին:

«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:  

Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»:

Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:

Հունվարի 27-ին հայտնի էր դարձել, որ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը նախատեսված էր հունվարի 28-ին,  հետաձգվել է: Ըստ տեղեկությունների՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում