Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ. Եղոյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի խնդրի քննարկման մասին
ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորում է այն հանգամանքը, որ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու հարցը միջազգայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում, հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է հարցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի իրավիճակը քննարկելուն: Պատգամավորը նկատեց՝ միայն հնչած ելույթներով հարցը չի ավարտվում, այդ խոսքն ունենում է ազդեցություն: Այդ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է այդ ելույթներին՝ այս կամ այն չափով, իսկ դա ազդում է իրավիճակի վրա:
«Հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի: Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին, և այդ մասին իրենք ասացին: Կարևորը, որ հարցը միջազգայնացվեց: Այսինքն՝ ամբողջ աշխարհը հիմա տեղյակ է այս հարցից: Միայն այդ տեղեկացվածությունն արդեն իսկ գործիք է՝ «գետնի վրա» իրավիճակը կամ լավացնելու, կամ դեպի ավելի վատը չտանելու»,-ասաց Եղոյանը:
Իսկ, թե ո՞ր դեպքում ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը՝ պատգամավորն ընդգծեց. «Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել՝ կամ, երբ փակողների պահանջներն իրականացվեն կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և անհնար է պահանջել այդ պահանջների իրականացում: Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջ շարժվենք երկրորդ տարբերակով: Առաջին տարբերակով մենք ուղղակի շարժվելու տեղ չունենք»,-ասաց Եղոյանը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը:
Կարծիքներ