Մեզ չի հաջողվում լուծել հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ. վարչապետ
Ցավոք, մեզ դեռևս չի հաջողվում լուծել մեր հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուրս պետք է ապրենք այնպես, որ չվարակվենք և չվարակենք դիմացինին:
Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ 525 նոր դեպք ենք ունեցել: Այս վիճակագրության բերումով առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ: Մեզնից յուրաքնաչյուրն այդ մահերի թիվը կարող է նվազեցնել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, մեծ մասը` հիվանդությունը տանում առանց ախտանշանի, բայց յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ այս վիճակագրությունն ավելացնելով՝ ինչ-որ մեկին դատապարտում ենք մահվան»,- ասաց վարչապետը:
Ներկա պահին ՀՀ-ում կա 10.900 ակտիվ հիվանդ: Նրանցից 2106-ը գտնվում է հիվանդանոցային պայմաններում: 536-ի վիճակը համարվում է ծանր, 117-ինը՝ ծայրահեղ ծանր:
1730 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ: Երեկ արձանագրվել է մահվան 10 նոր դեպք: Մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի:
Կարծիքներ