Այս տարի հեռուստամարաթոնը կտևի 4 ժամ

Այս տարի հեռուստամարաթոնը կտևի 4 ժամ

2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ հաջակցություն հայրենիքի և արցախահայության:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝

Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին

Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը:

Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը

Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ, կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ:

Վերակառուցում

Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի հետևանքով: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը: Նշենք նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով Ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար:

Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26-ին կայանալու է ավանդական դարձած հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում:

Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձևաչափով: Այն կտևի ընդամենը 4 ժամ և կհեռարձակվի Լոս Անջելեսից նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4-ին (ամերիկյան ժամանակով): Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը: #ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքել էր գրեթե 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները: Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ և այլն: Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին վերակառուցել, բարգավաճել և հզորանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում