ՉԺՀ իշխանությունները նախատեսում են համաճարակների դեմ պայքարի հատուկ գերատեսչություն ստեղծել
ՉԺՀ իշխանությունները առաջիկայում նախատեսում են ստեղծել հատուկ գերատեսչություն, որը կզբաղվի համաճարակների կանխարգելմամբ եւ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումների դեմ պայքարով: Այս մասին հայտնել է Caixin Global թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը:
Նրա վկայությամբ՝ նման մասնագիտացված պետական ինստիտուտի ձեւավորման նախագիծը կիրականացվի համապետական բժշկական բարեփոխումների հետ միաժամանակ, որը կենտրոնական կառավարությունը պատրաստվում է իրականացնել առաջիկայում: Ակնկալվում է, որ նոր վարչության կառուցվածքում կլինեն Չինաստանի հիգիենայի եւ առողջության պետական կոմիտեի բաժանմունքներ, որոնք պատասխանատու են բոլոր տեսակի համաճարակներին դիմակայելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանը ստեղծել է բավականին հաջող միջգերատեսչական մեխանիզմ` վտանգավոր վարակների, այդ թվում` նոր տեսակի կորոնավիրուսի օջախները վերացնելու համար: Երկրի իշխանությունները նաեւ բազմիցս նշել են զանգվածային հիվանդությունների բռնկումները կանխելու միջոցառումների առանձնահատուկ կարեւորությունը: Ենթադրվում է, որ նոր կառույցը կենտրոնանալու է համաճարակաբանների աշխատանքի վերոնշյալ երկու ոլորտների վրա եւ էլ ավելի արդյունավետ կլուծի համապատասխան խնդիրները:
Անցած օրվա ընթացքում (ինչպես նաեւ նախորդ ութ ամիսների ընթացքում) Չինաստանի մայրցամաքային մասում COVID-19-ի պատճառով ոչ մի մահ չի գրանցվել, մահացությունը 5,34% է (մահացել է 4634 մարդ), բուժվել է հիվանդացածների 94,29%-ը: Տեղական բժշկական հաստատություններում կա 313 հիվանդ (510 անախտանիշ): 2019-ի դեկտեմբերից վարակվածների թիվը գերազանցել է 86,7 հազարը:
Կարծիքներ