Նպատակ են դրել օրվա իշխանությունների վրա արյուն քսել, սա է լինելու կուլմինացիան, իսկ սադրողը կաթողիկոսն է. քաղաքագետ
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած քաղաքական գործընթացները շարժում կոչելը մեղք է համարում, քանի որ, ըստ նրա, այդ ամենը խեղկատակություն է:
«Մի քանի տասնյակը չգերազանցող քաղաքացիների խմբակով փորձում են պատրանք ստեղծել, թե ամեն ինչ պարալիզացրել են և երկրում օրակարգ թելադրողն իրենք են, իրականում խեղկատակության ժանրից է: Բայց հաշվի առնելով, թե ովքեր են այս ուժերին աջակցում, ինչ կենտրոնից է, ըստ ռուս պրոպագանդիստ Պորոշչենկոյի հայտարարության, ֆինանսավորվում, ինչ քրեական տարրեր են ներգրաված սրանց աջակցելու մեջ, ինչ լեքսիկոն և բառապաշար են նրանք ընտրել, զգոնությունը պետք չի կորցնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ Մկրտչյանի՝ ոստիկանությանը թիրախավորելը նպատակային է և հատուկ է արվում. «Հատուկ թիրախավորել են ոստիկանության ծառայողներին, ուժային մարմիններին, որպեսզի իրենց հակաիրավական սպասվելիք գործողությունները փորձեն տեղավորել այդ տրամաբանության մեջ: Առանձին դեպքերում սքեմով հոգևորականները անգամ չեն խորշում ոստիկանության վրա բիրտ ուժ կիրառել, բռնանալ, առնվազն խոչընդոտել: Փողոցային վարքագիծ է սա, առավել ևս՝ հոգևորականի կողմից, իսկ եթե Վազգեն Գալստանյանը որոշել է այդ ճանապարհով գնալ, պատկերացնո՞ւմ է, երբ հանկարծ ՀՀ մեծ քանակությամբ մտահոգ քաղաքացիներ որոշեն, օրինակ, հոգևորականների անձնական կյանքից դրվագներ հանրայնացնել»:
Զրուցակցի կարծիքով՝ ոստիկանությունն այս պահին կոնկրետ սահմանադրական կարգի և պետականության պաշտպանն է, քանի, ըստ նրա, գործ ունենք պետականության դեմ գործող՝ «չակնկալիքներ» ունեցող մի խմբակի հետ:
Քաղաքագետը կրկին հիշատակում է Պորոշչենկոյի հայտարարությունը, որը ակնարկել է Հայաստանում ընդդիմությանը մի քանի տասնյակ միլիոնով կաշառելու մասին:
«Հարց չի՞ առաջանում որևէ մեկի մոտ, թող Վազգեն Գալստայանն ասի, որ Պորոշչենկոն ստախոս է, սուտ է ասում, համոզված եմ՝ դրանից հետո նրանք փաստեր կհանեն: Այդ մի քանի տասնյակ միլիոնները պիտի սպառվի, 3000 դրամ են ընտրել մարդկանց կաշառելու համար, կարծում եմ՝ այդ մի քանի տասնյակ միլիոնը բավականին երկար կհերիքացնի, կամ գուցե գինը բարձրանա, պրոցեսը կարճանա: Մարդիկ դրսից կոնկրետ հրահանգ են ստացել ՀՀ-ում մի քանի տասնյակ միլիոնի դիմաց հեղափոխություն իրականացնելու, հիմա այդ՝ վերևից իջեցված պատվերը տապալել են և փորձում են սեփական դեմքը փրկել»,- ասում է նա:
Ըստ Մկրտչյանի, սակայն, այն, ինչ կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրում, դեռ ավարտը չէ, ավարտը այլ նպատակ ունի. «Կուլմինացիան, իմ խորին համոզմամբ, դեռ առջևում է, իրենց առաջ նպատակ են դրել ամենաքիչը օրվա իշխանությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության վրա արյուն քսելու, արյուն թողնելու, քանի որ տեսնում ենք, որ իրենց առաջ դրած խնդիրները չեն կարողանալու լուծել, և ի՞նչ է մնում՝ արյուն թափել և սեփական ապիկարությունն ու ապաշնորհությունը բարդել օրվա իշխանության վրա: Սա է լինելու կուլմինացինա, իսկ Վեհափառ հայրապետը ակնհայտ սատարողն է դրա ու թիվ մեկ պատասխանատուն: Նա պետք է վերլուծություն անի՝ ի վերջո գնո՞ւմ է մինչև վերջ այս ճանապարհով, թե՞ ճանապարհի կեսից կանգնում է, սեփական հոտին, ժողովրդին բացատրում՝ ինչ է սա իրականում»:
Մկրտչյանը նկատում է՝ եթե հոգևորականները հատել են կարմիր գիծը և իրենց շարքային ակտիվիստի նման են պահում, առանձին դեպքերում վիրավորանքներ, անեծք, լուտանք, հայհոյանք են տարածում, լուսանկարներ փնտրում, հրապարակել տալիս, սպառնում են, այդ դեպքում ինչո՞ւ պետությունը և իրավապահ մարմինները չպետք է հատեն այդ գրված և չգծված գծերը:
«Միանշանակ տանելու են բախման, մինչև կարմիր գիծը չհատվի, և այդքան «անձեռնմխելիների» հարց չլուծվի օրենքի դաշտում. ինչքան անձեռնմխելիների խումբ ունենք, փողոց փակող լրագրողն անձեռնմխելի է. փողոց փակող հոգևորականը անձեռնմխելի է, բռնության կոչ անող հոգևորականը անռենմխելի է, պատգամավորը անձեռնմխելի է»:
Վերջինս նաև այն համոզմանն է, որ այս ամենից օգտվելու է Ադրբեջանը, փորձելու է խույս տալ խաղաղության բանակցություններից կամ առնվազն խաղաթուղթ է դարձնելու:
Կարծիքներ