Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ բանկերի միությունը:-

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

•Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն   դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:

•Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7   միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:

•Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:

•Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

Ծանոթագրություն.

Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում