Սննդաբանը նշել է քաշի նվազեցման վերաբերյալ ամենատարածված «միֆերն» ու ցանկալի արդյունքին հասնելու արդյունավետ միջոցները
Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ պայքարում են տարատեսակ սննդակարգերի միջոցով, սակայն երբեմն նրանք միևնույն ժամանակ նաև մի շարք այլ մեթոդներ են կիրառում ցանկալի արդյունքին հնարավորինս արագ հասնելու համար։ Այնուամենայնիվ սննդաբան Օլգա Բոդակը վստահ է, որ հաճախ խորհուրդ տրվող այդ մեթոդներից շատերը բացարձակապես անարդյունավետ են, ուստի դրանց պետք չէ վստահել։
Առաջին հերթին մասնագետը նշում է, որ չի կարելի մտածել, որ այս կամ այն մթերքի միջոցով կարելի է խթանել ճարպերի այրման գործընթացը, քանի որ սա ամենատարածված «միֆերից» մեկն է։ Նրա խոսքով՝ նիհարելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել մթերքի կալորիականությանն ու ընտրել ցածր կալորիականություն ունեցող մթերք։ Բացի այդ, հարկավոր է սովորել ամեն օր նախաճաշել, քանի որ հակառակ դեպքում բարձրանում է ստամոքսի հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունը։
Ավելորդ քաշի դեմ պայքարողներին մասնագետը խորհուրդ է տալիս զգալիորեն նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող շաքարի քանակությունը։ Հարկ է հիշել, որ շաքարի միջոցով ստացած կալորիաների քանակությունը չպետք է գերազանցի ընդհանուր կալորիաների 10%-ը։
Բոդակի խոսքով՝ բացարձակապես անարդյունավետ է նաև երեկոյան 18:00-ից հետո ոչինչ չուտելու խորհուրդը։ Մասնագետի խոսքով՝ լավագույն տարբերակը քնելուց չորս ժամ առաջ սնվելն է։ Ընդ որում՝ այս դեպքում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ օսլա չպարունակող բանջարեղենին, սպիտակ մսով ձկանն ու կաթնաշոռին։
Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծում է, որ ճարպային կուտակումներից ազատվելու միակ իսկապես արդյունավետ միջոցը լիպոսակցիան է։
Կարծիքներ