Եվրոպայից Ուկրաինա զորքեր ուղարկելու հարց օրակարգում չկա. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ եվրոպական ուժեր Ուկրաինա ուղարկելու հարց ներկայում օրակարգում չկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է France Info հեռուստաալիքի եթերում։«Այդ հարցը հիմա դրված չէ: Եվ ոչ ոք չի ասել, թե մտադիր են այսօր զորք ուղարկել Ուկրաինա: Մենք ասում ենք, որ խաղաղություն ենք ցանկանում», - ասել է նա:
Խոսելով այն մասին, թե ԵՄ-ն անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տրամադրել Ուկրաինային, Բարոն հայտարարել է, որ դեռ վաղ է այս թեման արծարծել։ «Որո՞նք կարող են լինել այդ երաշխիքները: Չափազանց վաղ է այդ մասին խոսել, - նշել է նախարարը: -Այդ հարցը կառաջանա, երբ գա ժամանակը, երբ խաղաղություն ձեռք բերվի և իսկապես երաշխավորվի»։
Իր հերթին, Լիտվայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աստա Սկայսգիրիտեն հայտնել է, որ ներկայում չի քննարկվում նաև լիտվական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը: «Դեռևս ոչ մի խոսք չկա Ուկրաինա որևէ զորակազմ ուղարկելու մասին», - ասել է Սկայսգիրիտեն Ziniu radijas ռադիոկայանի եթերում։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «մենք կարող ենք օգնել Ուկրաինային որպես հրահանգիչներ»։
Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Վիլնյուսը Կիևին ավելի քան 767 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել, իսկ ընդհանուր աջակցությունն արդեն գերազանցել է մեկուկես միլիարդ եվրոն։
Կարծիքներ