Հայաստանում պլանավորում են անցկացնել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ

Հայաստանում պլանավորում են անցկացնել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ

Հայաստանում նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում:

Որոշման նախագծով նախատեսվում է հայտարարել Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:

Նախատեսված է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Համաձայն որոշման նախագծի՝ վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Որպես հիմնավորում նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում