Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարին
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամաբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատեց, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում միչև օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր–մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսեց Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք հայտնեց հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հատնեց, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։
Իր հերթին տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ–ի ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր–մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։
Տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր նկատեց նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։
Կարծիքներ