Սանոսյանը Մումբայում մասնակցել է Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովին
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովը (GMIS 2023), որի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմաններն Արևելքից և Արևմուտքից երեք տասնամյակ շարունակ ցամաքային շրջափակման մեջ են, հանդիսանում է տարածաշրջանային և միջսահմանային ներառական և անաչառ կապի խթանման հավատարիմ ջատագով: «Վստահ ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը լուրջ ներուժ ունի այս նպատակին հասնելու համար։ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի համապատասխան ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ՝ իրականացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը, Հայաստանի կարողությունները բարձրացնելով, երկրին հնարավորություն կտա լիարժեք մասնակիցը դառնալ ինչպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, այնպես էլ հաղորդակցության այլ նախաձեռնություններին։ Այս կարևոր ռազմավարական ճանապարհի կառուցումը կդյուրինացնի Հայաստանի հարավային սահմանից դեպի վրացական սահման և մինչև Սև ծովի նավահանգիստներ երթևեկությունը և թույլ կտա իրականացնել ավելի շատ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-ընդգծել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնել երկխոսությունը և համագործակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի շրջանակներում, որտեղ վերջինս կարող է հաջողությամբ ներառվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում:
«Գիտակցելով Հարավային Կովկասում առևտրատրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիների բացման կարևորությունը՝ Հայաստանը, տարածաշրջանում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով, կառուցողականորեն ներգրավվել է երկխոսության և քննարկումների մեջ և, պայմանավորված Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման շուրջ քննարկումներով, ներկայացրել է «Հայկական խաչմերուկ» նոր հայեցակարգը, որն, իր հերթին, ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն մտցնելու և միջազգային բեռնափոխադրումների առումով տարածաշրջանի նշանակությունը վերականգնելու հսկայական ներուժ»,-ասել է նախարար Սանոսյանն իր ելույթում։
Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
Կարծիքներ