Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ
Այս օրերին, երբ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ, մարդու իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական և զրկվեն պետության անհրաժեշտ պաշտպանությունից: Նույն կերպ՝ չպետք է մոռացության տրվեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի որևէ այլ ձևի դեմ պայքարի հարցերը ։
Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Հաճախ առկա են թյուր ընկալումներ, որ խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը միայն գործադրվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ցուցմունք կորզելու նպատակով: Հարկ է ընդգծել, որ խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր մյուս ձևերի բացարձակ արգելքի պահանջը տարածվում է շատ այլ հարցերի վրա. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում կենցաղային անբավարար պայմանները, գերբնակեցումը, բժշկական օգնության և սպասարկան թերությունները, հոգեբուժարանում անօրինական զսպման միջոցներ կիառելը նույնպես կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի:
Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման բացարձակ արգելքը։
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես ընդգծվել է նաև խոշտանգուման չենթարկվելու մարդու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով նրան պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները, որոնք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունների պարագայում:
Կարևոր է նաև խոշտանգում, դաժան և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ում վերապահված է երկրում Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը, շարունակելու եմ ամենօրյա աշխատանքով նպաստել երկրում յուրաքանչյուր անձի պաշտպանությանը խոշտանգումից, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից ու պատժից: Այս գործում հասարակական վերահսկողությունն ավելի է ուժեղացնում համատեղ պայքարը։
Կարծիքներ