Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը քննարկել է Արցախի գործընկերների հետ. ԱԽ քարտուղար
Կառավարության այսօրվա նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ:
«Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաև հրապարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», – նշեց նա:
ԱԽ քարտուղարն ասաց, թե երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին. «Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։
Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», – ասաց Արմեն Գրիգորյանը։
Կարծիքներ