Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը խիստ պահանջված են. Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում աճում է Ռուսաստանի դիվանագիտության դերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտգործնախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին:
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել»,- ընդգծել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ կայունության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորակազմի՝ որպես հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորի ջանքերը խիստ պահանջված են:
«Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման, Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման և կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործում»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնող եռակողմ աշխատանքային խումբը լավ հեռանկարներ ունի՝ այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից:
Կարծիքներ