Ձեռք են բերվել ապացույցներ, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել
Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու, այդ կերպ՝ ՀՀ-ում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Հաշվի առնելով, որ հայտարարությունները հիմնված են միայն քրեական գործի հարուցման պատճառ հանդիասացող հայտարարություններից խիստ հատվածական, ընտրողաբար և մտքի ամբողջականությունը խեղաթյուրող մեջբերումներով Ս. Սուլթանյանի արած մեկնաբանությունների վրա և նմանատիպ սուբյեկտիվ մեկնաբանությունների արդյունքում հանրության մոտ կարող է ձևավորվել թյուր կարծիք Ս. Սուլթանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման իրավաչափության, հիմնավորվածության վերաբերյալ՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Սուլթանյանը, 2020թ. մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» կայքին տված, և նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի և ՀՀ-ում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:
Մասնավորապես, Ս. Սուլթանյանը կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիներն ընդունվում են որպես հետամնաց ազգ, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է, հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս, Հայաստանում կառուցված եզդիական սրբատեղիում կրոնական ծեսեր չեն կատարվում, մշակութային միջոցառումներ չեն իրականացվում, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին ՀՀ-ում հող և հող ունենալու իրավունք չունի, ՀՀ-ն այս առումով ոչինչ չի ձեռնարկում եզդիների իրավունքները պաշտպանելու համար, անկախացումից ի վեր Հայաստանը եզդիներին զարգանալու հնարավորություն չի տվել, եզդիաբնակ գյուղերը հայաբնակ գյուղերի համեմատ գտնվում են անբարեկարգ վիճակում, 1990-ական թվականներին ՀՀ-ում սկսվել է շովինիստական շարժում, որի ընթացքում հայերն ասել են, թե միայն իրենք պետք է բնակվեն Հայաստանում, շատ եզդիների հայերը գնդակահարել են, շատերին՝ վտարել իրենց տներից, եզդիները տևական ժամանակ ապրել են վախի մթնոլորտում: Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցում հայտարարել է նաև, որ պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն, նրանք զբաղեցնում են ստորին օղակի պաշտոններ: Բացի այդ՝ ՀՀ-ում չկա մի այնպիսի գյուղ, որտեղ հայերն ու եզդիները միասին բնակվեն, և համանյքի ղեկավարն ազությամբ եզդի լինի, իսկ երբ 1990-ական թվականներին նմանատիպ գյուղերից մեկում մի եզդի առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, նրա տան վրա կրակել են: Սաշիկ Սուլթանյանը լրատվամիջոցով հայտարարել է նաև, որ նկարագրվածի արդյունքում եզդիներն իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Հայաստանն իրենցը չեն համարում և արտագաղթում են ՀՀ-ից, գյուղերում միայն մեծահասակ եզդիներն են մնացել, իսկ 50 տարի անց ՀՀ-ում այլևս եզդիներ չեն բնակվի:
Այսինքն Ս. Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով:
Նշված արարքները կատարելու համար Ս. Սուլթանյանին 2021թ. մայիսի 20-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և օգաստոսի 2-ին քրեական գործի հետ ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը:
ՀՀ օրենսդրությամբ առերևույթ հանցագործությունը բացահայտելու նպատակով նախնական քննության ընթացքում քննչական որոշակի գործողություններ կարող են և պետք է իրականացվեն գաղտնիության պայմաններում, որի արդյունքում կարող են ձեռք բերվել ինչպես հանցագործության կատարումը հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ: Իսկ նախաքննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ որևէ ֆիզիկական անձի կարող է տեղեկատվություն տրվել բացառապես այն պարագայում, եթե վերջինս տվյալ գործով ձեռք է բերել դատավարական կարգավիճակ, ինչը և արվել է Ս. Սուլթանյանի՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Ավելին, նրա պաշտպանների կողմից նախաքննության ընթացքում ներկայացվել են միջնորդություններ, որոնք պատշաճ կերպով քննարկվել են:
Այս իմաստով Ս. Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները խախտված լինելու մասին պնդումները հիմնավոր չեն: Ինչպես արդեն նշվել է, քրեական գործը դատարանում է և հանրությունը, բոլոր շահագրգիռ շրջանակները հնարավորություն ունեն բաց, հրապարակային դատաքննության միջոցով լիարժեք կարծիք կազմել մեղադրանքի հիմնավորվածության և քրեական գործի հանգամանքների մասին»,-նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ