Ուժգին պայթյուն Սիրիայի շուկայում. կան զոհեր և տուժածներ
Առնվազն յոթ մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսային Աազազ քաղաքի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նրանց թվում կա 2 երեխա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ականապատ ավտոմեքենա է պայթել, կան նաև բազմաթիվ վիրավորներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին։
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում պատկերված են գետնին ընկած մարմինները, վնասված շենքերը և այրվող մեքենայի շրջանակը։ Ըստ սկզբնական տեղեկատվության՝ կա ավելի քան 30 վիրավոր:
Դեռևս պարզ չէ, թե ով է կանգնած Թուրքիայի սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաքում տեղի ունեցած այս պայթյունի հետևում:
Պայթյունի պահին շուկան լեփ-լեցուն է եղել մարդկանցով, որոնք գնումներ են կատարել Իդ ալ-Ֆիտր տոնին ընդառաջ, որը նշում է Իսլամական ծոմապահության՝ Ռամադան ամսվա ավարտը:
Սպիտակ սաղավարտներ կամավորական կազմակերպության փրկարարները հայտնել են, որ զոհվածների թվում երկու երեխա կա։
Աազազ քաղաքը վերահսկվում է թուրքամետ զինյալների կողմից, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ։
Թուրքական զորքերը և նրանց աջակցող ուժերը վերահսկում են Սիրիայի ընդարձակ տարածքները թուրքական սահմանի մոտ։
Աազազը սիրիական ազատ բանակի հենակետն է, քաղաքում գտնվում է Սիրիայի ժամանակավոր կառավարության շտաբը՝ ընդդիմադիր խմբավորում, որը հավակնում է լինել երկրի օրինական իշխանությունը:
Վերլուծաբանները քաղաքը բնութագրում են որպես ռազմավարական նշանակություն քաղաքացիական պատերազմի համատեքստում՝ թուրքական սահմանին մոտ լինելու պատճառով։ Դրանով են անցնում մատակարարման կարևոր ուղիներ։
Սիրիայի հյուսիս-արևմտյան սահմանային շրջանում, ներառյալ Աազազում, հազվադեպ չեն ռումբերի պայթյունները, որոնք ուղղված են խիտ բնակեցված քաղաքացիական տարածքներին:
2016 թվականի նոյեմբերին Աազազում ապստամբների շտաբի մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր 25 մարդ: Հոկտեմբերին ապստամբների անցակետի վրա նմանատիպ հարձակման հետևանքով զոհվել է նաև 17 մարդ:
2017 թվականին Աազազում ավելի քան 40 մարդ է զոհվել, երբ ականապատ մեքենան պայթել է քաղաքային դատարանի շենքի մոտ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը գրավել է քաղաքը 2013 թվականին և որոշ ժամանակ պահել:
Կարծիքներ