Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության, խաղաղության սկզբունքներին․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի ԱԺ նախագահի հետ

Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության, խաղաղության սկզբունքներին․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի ԱԺ նախագահի հետ

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների արդյունավետ փոխգործակցության հարցում:

Հանգամանալից քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:

Ալեն Սիմոնյանն Ուրշկա Զուպանչիչին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանի երկրների համար առեւտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:

«Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության եւ խաղաղության սկզբունքներին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ, որից հետո Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում եւ շրջայց կատարել Սլովենիայի Ազգային ժողովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում