Վստահ եմ՝ դատական իշխանությունը կտա շատ խիստ և օրինական գնահատական. Անդրեասյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին
«Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱԺ շենքի մոտ որքանո՞վ էին համաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։
«Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքի տառը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- նշել է նա՝ հավելելով, որ իր ասածը պարզապես ուղղորդում է դատավորներին, որ լինի օրենքի տառի խիստ պահպանում:
Ըստ նրա՝ որպեսզի չլինի քաղաքական մեկնաբանություն, ստիպված է հիշեցնել, որ դատական իշխանությունը ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ երբ որ գործը գալիս է դատարան, ստանում է արդար դատավճիռ:
«Դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում են արդարադատություն։ Լավ լուրն այն է, որ շատ շատերը կստանան արդար և անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքը»,- ասել է Կարեն Անդրեասյանը։
Կարծիքներ