Արձանագրվել է սպառողական վարկերի էական աճ, չաշխատող վարկերը նվազել են
Հայաստանում սպառողական վարկերի էական աճ է նկատվում, ավելացել են նաև հիփոթեքային վարկերը, ընդհանուր վարկերի մեջ նվազել է վատորակ կամ չաշխատող վարկերի կշիռը՝ հասնելով 1.2 տոկոսի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկման շրջանակում:
«Ներկայում մենք արձանագրում ենք սպառողական վարկերի էական աճ, հիփոթեքային վարկերի աճ: Դրանք փոխկապակցված են, որովհետև հիփոթեքային վարկերի աճը ինչ-որ ժամանակ հետո վերանորոգման և այլ ծախսերի անհրաժեշտության պարագայում հանգեցնում է սպառողական վարկերի աճի:
Մենք գնահատում ենք, որ դրանք տնտեսության ներուժին չնպաստող գործոններ են»,–ասաց Ղահրամանյանը:
Նա հույս հայտնեց, որ տնտեսության կառուցվածքի բալանսավորման արդյունքում արդյունաբերությանը կամ գյուղատնտեսությանը տրվող վարկերի ծավալներն ավելի կավելանան:
«Մենք ունենք վատորակ կամ չաշխատող վարկերի էական նվազում ընդհանուր վարկերի մեջ: Դրանք 2022-ին կազմել են 2.8 տոկոս, 2023-ին՝ 2.4, ներկայում 1.2 տոկոս են ընդհանուր վարկերի մեջ: Դա շատ լավ ցուցանիշ է առհասարակ բանկային համակարգի պատմության ամբողջ ընթացքում»,-ասաց Ղահրամանյանը:
Կարծիքներ