Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյանի պատասխանը՝ Մարությանին

Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյանի պատասխանը՝ Մարությանին

«Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի: Հիմա, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է»:

Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագնաքելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկներին: 

«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝  ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության և բոյկոտելու է ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, ըստ նրա՝ այդպես է վարվելու նաև Թևանյանի գլխավորած դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել է նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:

Ղուկասյանը արդեն պատասխանել էր այս հայտարարությանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ հատուկ առաջարկով դիմել էր Մարությանին, սակայն համաձայնության չէին եկել: Ըստ նրա՝ ինքը պատրաստ էր միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը, բոյկոտել ավագանու առաջին նիստը, սակայն մի պայմանով՝ եթե իր հետ պայմանագիր կնքեն՝ ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին: 

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ԿԸՀ որոշմամբ՝ ստացել է 7 մանդատ:

Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում