Ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Արցախում կլինեն. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նախընտրական հանդիպումներիս ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսության՝ ոչխարաբուծության ճյուղի զարգացմանը: Այն, ըստ մասնագետների, Արցախում մեծ հեռանկար ունի, և կարելի է գլխաքանակը հասցնել ավելի քան հինգ հարյուր հազարի: Համեմատության համար նշեմ, որ ներկայումս ամբողջ հանրապետությունում ունենք ընդամենը յոթանասուն հազար գլուխ ոչխար, և եղածն իր մթերատվությամբ անհամեմատ զիջում է առաջատար ցեղատեսակներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձանագրումն առ այն, որ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով, կրկին վկայում է ոլորտի մեծ ներուժի ու պահանջարկի մասին:
Այդ առթիվ կուզեի փաստել, որ Արցախում այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն արված է, և ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Հանրապետությունում կլինեն: Հայտարարածի համաձայն՝ դրանք կտրվեն բոլոր այն ֆերմերներին, ովքեր կապահովեն գյուղնախարարության առաջադրած նվազագույն պայմանները:
Մեկնարկը տրված է. առաջիկա հինգ տարիներին պետական միջոցներով շարունակաբար կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ: Մեր ընդհանուր հաջողությունը պայմանավորված է լինելու այդ ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու գրագետ և սրտացավ մոտեցումից: Արդյունքում շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը:
Ի գո՜րծ»:
Կարծիքներ