Բոլորը հարցնում էին՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը...16 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Շուրջ 3 շաբաթ տեւած քննարկումներից հետո քիչ առաջ հայտարարվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:
16 ուժերից Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ընդգծեց՝ Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակացական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ պարտավորվելու է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ թեկնածուի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ է ընտրվել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նրա վերաբերյալ հակասական կարծիքներ կան՝ Վանեցյանը պատասխանեց. «Անթերի մարդ աշխարհում չկա...Վազգեն Մանուկյանը՝ ի՞նչ է, կոռուպցիոներ է, թալանչի է, հայրենասեր չէ, անգրագետ է, ի՞նչ է: Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որ եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, ով եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, մի մարդ է ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»:
Վանեցյանի համոզմամբ՝ Վազգեն Մանուկյնան իր անցած ճանապարհով եւ ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները:
Հայրենիք կուսակցության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն իրենց մյուս քայլերը. «Եղավ առաջին քայլը: Բոլորին հետաքրքրում էր՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, մենք հիմա ասացինք, մենք առաջադրում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ամսի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- ընդգծեց նա:
Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հնարավոր է միայն իշխող Իմ քայլը խմբակցության անվստահության պարագայում՝ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է տարվում Իմ քայլի հետ այդ առումով. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մոտեցումը կա, ես համոզված եմ եւ նաեւ գիտեմ՝ խորհրդարանում: Միանաշանակ առաջնային մանդատ ունեցող մարմինը՝ այն է Ազգային ժողովը պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծի: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի, ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները եւ շատ կարճ ժականակում պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- շեշտեց ԱԱԾ նախկին տնօրենը:
Խոսելով հանրային ճնշման մեխանիզմների մասին՝ Վանեցյանն ասաց, որ բոլորը պետք է հասկանան, որ սա պայքար է ոչ թե իշխանության համար, այլ համազգային փրկության, եւ անկախ նրանից՝ իրեն սիրում են կամ չեն սիրում, պետք է դուրս գան փողոց, վճռական խոսք ասեն, հեռացնեն ապազգային իշխանություններին եւ շատ արագ Ազգային ժողովը պետք է նախաձեռնի նոր ընտրություններ:
Հարցին, թե ինչպե՞ս է համոզվել, որ կա ժողովրդի 100 տոկոսանոց կոնսենսուս այդ հարցում, եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Վանեցյանը նախ պատասխանեց, որ ժողովրդի քանակը չի որոշում՝ քաղաքական ճգնաժամ կա, թե ոչ, հետո նաեւ վստահեցրեց, որ շաբաթ օրը ժողովուրդը դուրս կգա փողոց:
Կարծիքներ