Թուրքիան ջերմացնում է հարաբերությունները ԱՄԷ-ի հետ. Էրդողանը պատասխան այց կկատարի այդ երկիր
![Թուրքիան ջերմացնում է հարաբերությունները ԱՄԷ-ի հետ. Էրդողանը պատասխան այց կկատարի այդ երկիր](https://freenews.am/uploads/images/image_750x_61a650809375b.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում:
Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմեդ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 երկրների հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով կասեցվել էին բարձր մակարդակով շփումները:
«Սակայն մենք ամբողջովին կապերը չենք խզել: Առնվազն հետախուզական ծառայությունների մակարդակով շփումները շարունակվել են, առևտրային հարաբերությունները նույնպես շարունակվել են: Չնայած տեղի ունեցած անցանկալի զարգացումներին՝ այժմ մեր հարաբերությունները լավ հանգրվանի են հասել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ իր այցին նախորդելու են բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ:
«ԱՄԷ իմ այցից առաջ տեղի կունենան ԱԳ նախարարի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի այցերը: Դրանից հետո էլ փետրվարին ես մեծ պատվիրակությամբ կգնամ»,- ասել է Էրդողանը ու ավելացրել, որ այցի ընթացքում կարևոր քայլեր կկատարվեն:
Կարծիքներ