ԻՀՊԿ-ն նոր մարտանավ է ստացել, որն իրենից ներկայացնում է «լողացող բազա»
«Շահիդ Մահդավի» նոր բազմանպատակ մարտանավն այսօր համալրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի սպառազինությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ նավն իրենից ներկայացնում Է լողացող բազա. այնտեղ տեղավորված են մարտական ուղղաթիռներ, արագընթաց մոտորանավակներ, ինչպես նաև «մակերևույթ–մակերևույթ» և «մակերևույթ-օդ» տարբեր հեռահարության հրթիռների արձակման կայանքներ։
Ըստ ISNA գործակալության՝ Իրանում նախագծված, կառուցված և սարքավորված նավն ունի 240 մետր երկարություն և 27 մետր լայնություն։ Այն հանդերձված Է բարձր մանևրելիությամբ «Աշուրա» և «Տարեկ» դասի մարտական հրթիռակիր մոտորանավակներով, ինչպես նաև 10 կմ-ից մինչև 180 կմ հեռահարությամբ հրթիռների 99 արձակման կայանքներով, տարբեր անօդաչու թռչող սարքերով, ժամանակակից հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգերով:
Անցյալ տարի Իրանի ռազմածովային ուժերի մարտական կազմը համալրել Է «Շահիդ Սուլեյմանի» ուղղաթիռակիրը, որը վերակառուցված նավթատար լցանավ է՝ մեծ ջրածավալով: Այն ունի նաև արագընթաց մոտորանավակներ և կարող է ծառայել որպես ռազմածովային ուժերի լողացող բազա:
Կարծիքներ