Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից. Բաքվից արձագանքել են Փաշինյանի ելույթին
Ադրբեջանի Արտաքին գործերի նածարարությունը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ հայտարարելով, թե այնտեղ հնչած հայտարարությունները «ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին «շարունակ մեղադրելու ցանկությունը»:
«Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական և խաղաղասեր երկիր»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ պաշտոնական Բաքվի ջղաձգված և արդեն քանիցս ծեծված դիրքորոշման՝ «Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին:
Անդրադառնալով Լաչինի ճանապարհին, որի՝ ամիսներ շարունակ ապօրինի շրջափակված լինելու մասին երեկ հիշեցրել էր ՀՀ վարչապետը, Բաքուն հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, իսկ այդ «ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին»։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեչության, դարձյալ Հայաստանն է մեղավոր և իբր Հայաստանն ինքն է իրեն մեկուսացրել տարածաշրջանային նախագծերից։
«Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, սակայն Երևանը դա չի կատարում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, «Իրանով ճանապարհի կառուցման պայմանագիրը վկայում է Բաքվի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման գործում ակտիվ մասնակցության մասին»,-ասվումէ հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Բաքուն հայտարարել է նաև, որ «Ղարաբաղի շրջանում առկա սպառնալիքի վերացումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել, մինչդեռ Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղության պայմանագրի հեռանկարները»:
Կարծիքներ