Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի Սենատի փոխնախագահ
Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ մայիսի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Չեխ եւ հայ օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
Շրջայցից հետո Չեխիայի Սենատի փոխնախագահն ասել է. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Թանգարան այցելելուց հետո ավելի հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդ կտամ մյուս պետություններին նույնպես ճանաչել այն, քանի որ հայ ժողովրդի հանդեպ ավելի քան 100 տարի առաջ կատարվածը միջազգային խնդիր է: Ցավոք, նման ոճրագործություններն աշխարհում դեռեւս շարունակվում են եւ պետք է համատեղ ուժերով պայքարել դրանց դեմ»:
Այցի ավարտին Յիրժի Ռուժիչկան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության կազմում են Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վացլավ Խալոուպեկը, փոխնախագահ Դավիդ Սմոլյակը եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Հիլշերը:
Կարծիքներ