ՌԴ-ում մեկնարկել են «Սպուտնիկ Light» պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել են «Սպուտնիկ Light» հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
Այս մասին հայտարարել է սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, հայտնում է EurAsia Daily-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ փորձարկվող դեղամիջոցն ապագայում նախատեսվում է միավորել «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի հետ:
Անդրադառնալով փորձարկումների թեմային՝ Ռակովան բացատրել է, որ կամավոր կարող է դառնալ ցանկացած չափահաս քաղաքացի, որի մոտ բժշկական հակացուցումներ չկան: Բացառությունների ցանկում են այն մարդիկ, որոնց մոտ նախկինում ախտորոշվել է կորոնավիրուս, որոնք արդեն իսկ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ինչպես նաև այն բնակիչները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ այլ պատվաստում են ստացել:
Բացի այդ, կամավոր չեն կարող դառնալ այն մարդիկ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում հիվանդացել են սուր շնչառական վիրուսային վարակներով, ունեն լուրջ ալերգիկ ռեակցիաներ դեղամիջոցների կամ պատվաստանյութերի նկատմամբ կամ ծանր քրոնիկ հիվանդություններ: Կամավոր չեն կարող դառնալ նաև հղիները և կրծքով կերակրող կանայք:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ Light»-ը «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարկած կա, համաձայն որի՝ առաջին պատվաստումից հետո անձի մոտ առաջանում են բավարար քանակությամբ հակամարմիններ: Հետևաբար, «Սպուտնիկ Light»-ը հարմար է բոլոր այն մարդկանց համար, որոնց մոտ արդեն իսկ COVID-19 է հայտնաբերվել կամ կրկին պատվաստվելու կարիք կա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:
Կարծիքներ