ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ
ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ նախաձեռնությունները՝ շեշտելով Հայաստանում բիզնես մշակույթի զարգացմանը և արտադրողականության աճին միտված ծրագրերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի կողմից ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար։
Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
Կարծիքներ