Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ
Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:
Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պապհանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։
Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո իրավիճակը կտրուկ սրվել էր Հանրապետության հրապարակում: Քաղաքացիները սկսել էին քարեր, ձվեր և շշեր նետել Կառավարության շենքի ուղղությամբ:
Ոստիկանությունը ցուցարարներին բերման էր ենթարկել:
Կարծիքներ