Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները

Լավրովն ամփոփել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները

 ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ այս տարի կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը:

Նա հայտնել է, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր էր ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրումը: Լավրովը հիշեցրել է, որ այս եռամյա ծրագիրն ընդունվել  էր նախորդ տարի՝ Թուրքմենստանի նախաձեռնությամբ:

«Պայմանավորվել ենք շարունակել համատեղ հայտարարությունների ընդունման պրակտիկան՝ միջազգային կազմակերպություններում տարածելու նպատակով: Դրա թարմ օրինակը մարտի 18-ին ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների կողմից միջազգային իրավունքի ամրապնդման մասին               հայտարարության ընդունումն էր, որը մենք շատ ակտուալ ենք համարում մի իրավիճակում, երբ որոշ արևմտյան երկրներ փորձում են միջազգային իրավունքը փոխարինել կանոնների վրա հիմնված ինչ-որ կարգերով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Նա հայտարարել է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում պայմանավորվածության են եկել կոորդինացնել քայլերը տարբեր բազմակողմ հարթակներում՝  այդ թվում և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն:

Լավրովը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 2-ի նիստում հաստատել են հանցավոր եկամուտների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման հակազդման համաձայնագրի նախագիծը: «Ընդունել ենք նաև մի շարք որոշումներ ռազմական, հումանիտար ոլորտներում, այդ թվում և համագործակցություն երիտասարդական փոխանակումների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում