Պոմպեյում եզակի կրպակ են հայտնաբերել՝ ուտելիքի մնացորդներով
Հնագետներից, կենսաբաններից և հրաբխագետներից կազմված մասնագետների խումբը նոր՝ եզակի հայտնագործություն է արել Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով մոխրի տակ անցած քաղաքում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական հեռուստաալիքին, Պոմպեյի հնագիտական այգու տնօրենի հաղորդմամբ՝ խոսքը փողոցային կրպակի մասին է, որում ուտելիք էին վաճառում՝ ինչպես հում մթերքներ, այնպես էլ պատրաստի ուտեստներ:
Մասնագետի խոսքով՝ նման հաստատության հայտնաբերումն ինքնին նորություն չէ, քանի որ «մոխրացած քաղաքում», որտեղ չեն դադարում պեղումները, արդեն 80 նման կրպակներ են գտնվել, որոնք տարածված են եղել Պոմպեյում:
«Սակայն այս կրպակը յուրահատուկ է, քանի որ մեզ հաջողվել է վերականգնել սնունդը, որն այնտեղ վաճառվելիս է եղել: Բացի այդ, լավ վիճակում պահպանվել են տաղավարի որմնանկարները, որոնք նույնպես նկարագրում են վաճառվող ապրանքները»,- ասել է իտալացի մասնագետը:
Նա շեշտում է, որ այդ հայտնագործությունը թույլ է տալիս պատկերացում կազմել 2000 տարի առաջ եղած կյանքի մասին: Տնօրենը հույս է հայտնել, որ կրպակը բաց կլինի Սուրբ Հարության տոնին նախատեսվող այցելությունների ժամանակ:
Կարծիքներ