Փարիզի մերձակայքում պայթյուն է որոտացել. տուժել է 22 մարդ
Փարիզի Օբերվիլիե արվարձանում գտնվող բնակելի շենքում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ, որոնցից 19-ը ստացել են թեթև վնասվածքներ, 3-ը ծանր վիճակում են, հայտնում է BFM Paris-ը՝ վկայակոչելով հրշեջներին:
Նրանց տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 5։30-ին (Երևանի ժամանակով 8։30-ին): Պայթյունից հետո չորսհարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են կրակն արագ մարել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհաշիջմանը ներգրավված է եղել մոտ 150 հրշեջ ու փրկարար։ Փողոցի այն հատվածում, որտեղ գտնվում է տունը, գազն անջատել են, հարակից շենքերից տարհանում է իրականացվել։
Փարիզի հրշեջները Twitter-ում հաստատել են, որ Օբերվիլիեում «պայթյուն» է տեղի ունեցել և տեղի բնակիչներին հորդորել են խուսափել դեպքի վայրում գտնվելուց։
Կարծիքներ