Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով. Բեգլարյանը փաստեր է հրապարակել

Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով. Բեգլարյանը փաստեր է հրապարակել

Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին:

Գրառման մեջ ասված է.

«1. 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:

2. «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։

3. Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։

4. Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։

5. Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։

6. Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:

7. Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։

8. 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:

9. 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220.000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։

Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում