Լեհաստանի նախագահը չնախատեսված այցով ժամանել է Վրաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարցը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չնախատեսված այցով ժամանել է Թբիլիսի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Դուդայի և Զուրաբիշվիլիի հանդիպման կադրերը ուղիղ եթերով հեռարձակվել են Վրաստանի ղեկավարի ֆեյսբուքյան էջում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս շատ լարված իրավիճակում Վրաստանի անունից ցանկանում եմ մեր լիակատար համերաշխությունը հայտնել մեր բարեկամ Ուկրաինային և ոչ միայն նրան, քանի որ առկա վտանգը սպառնում է ողջ Եվրոպային։ Իսկ եթե խոսքը Եվրոպայի անվտանգության մասին է, ապա մենք խոսում ենք մեր իսկ անվտանգության մասին»,- ասել է Զուրաբիշվիլին Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Դուդան նշել է, որ հանդիպման ընթացքում հնարավորություն է ունեցել Զուրաբիշվիլիի հետ կիսել ուկրաինական ճգնաժամի տեսլականը Լեհաստանից և եվրոպական երկրներից։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը արտացոլվում է ամբողջ աշխարհում: Մենք մտահոգությամբ ենք նայում, թե ինչ է կատարվում այնտեղ», - ասել է Լեհաստանի ղեկավարը, որը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը ընդունելության և բանակցությունների համար:
Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրն ընդունել է Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան կուրսին աջակցող բանաձև։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Վրաստանի կառավարությանը շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինայում էսկալացիայի կանխարգելման գործում՝ օգտագործելով դիվանագիտական գործիքներ և սերտ համակարգելով ռազմավարական գործընկերների հետ։ Նախագծին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 74-ը։
Կարծիքներ