Բարոնուհի Քոքսը Լորդերի պալատի քննարկումների ժամանակ բարձրացրել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցը
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոլայն Քոքսը նշել է․ «Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես եմ եղել Ադրբեջանի կողմից հայերին պատճառած ցավին՝ անպատժելիության մթնոլորտում, ներառյալ 2020 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր գերիներին ազատ արձակելու վերաբերյալ պարտավորությունների չկատարմանը: Չնայած Հայաստանը ազատ էր արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին, Ադրբեջանը վերջերս հաստատել է առնվազն 33 հայ գերիների, այդ թվում երեք քաղաքացիական անձանց պահելու մասին, իսկ մի քանի հարյուր հայեր դեռևս անհայտ կորած են, իսկ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ Հայաստանին դուրս բերել զոհվածների դիերը օկուպացված տարածքներից: Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որը ի ցույց էր դնում հայ բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և սպանությունները: Ի՞նչ նշանակալից նախաձեռնություններ են եղել կամ ձեռնարկվում Միացյալ Թագավորության կառավարության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:
Լորդ Հուսեինը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախումները ընդգծում են այդ երկու երկրների միջև ԵՄ-ի գլխավորած խաղաղության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, այնուհետև արել հետևյալ հարցադրումները. «Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր հարցերի կայուն լուծմանը հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ խաղաղության համաձայնագիր: Ավելին՝ արդյո՞ք կարող եք վերահաստատել երկու երկրների միջև ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը»:
Կարծիքներ