Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումից հետո Մադուրոն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլի հույս է հայտնել

Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումից հետո Մադուրոն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլի հույս է հայտնել

ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում Վենեսուելայում բանտարկված 10 ամերիկացիներ դեկտեմբերի 20-ին փոխանակվել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտերիմներից մեկի՝ կոլումբիացի գործարար, Վենեսուելայի դիվանագիտական բանագնաց Ալեքս Սաաբի հետ, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Բացի այդ, պայմանավորվածության շրջանակներում Մադուրոն համաձայնել է բանտից ազատ արձակել առնվազն 20 ընդդիմադիր բանտարկյալների և արտահանձնել ԱՄՆ-ից փախած մալայզիացի գործարար Լեոնարդ Գլեն Ֆրենսիսին՝ հայտնի որպես «Գեր Լեոնարդ», որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Ալեքս Սաաբի դիմավորման արարողության ժամանակ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ԱՄՆ-ի հետ իրավահավասար հարաբերությունների նոր փուլի օգտին։

Մադուրոն Ալեքս Սաաբի ձերբակալությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ստերի, սպառնալիքների և կտտանքների արշավ:

«Նախագա՛հ Բայդեն և ԱՄՆ քաղաքական գործիչնե՛ր, Վենեսուելան ամուր կանգնած է իր սեփական` անկախ, ինքնիշխան մոդելով։ Մենք երբեք ոչ ոքի գաղութը չենք լինի։ Մենք հպարտ, արժանի ապստամբ բոլիվարացիներ ենք։ Հարգանքի դեպքում  կարող ենք առաջ շարժվել դեպի (ԱՄՆ-ի հետ) հարաբերությունների նոր փուլ։ Ցանկալի կլիներ, որ բաց լիներ հարգանքի, իրավահավասար հարաբերությունների և փոխըմբռնման գործընթացի ճանապարհն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության միջև», - ընդգծել է Մադուրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում