Թուրքիայում հայոց լեզվի համշենի բարբառին նվիրված օրացույց է հրապարակվել

Թուրքիայում հայոց լեզվի համշենի բարբառին նվիրված օրացույց է հրապարակվել

Թուրքիայում գործող Լազերի ինստիտուտը և Ստամբուլի Կովկասյան մշակույթի միությունը մի օրացույց են հրապարակել, որը նվիրված է Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներին։ «2021 թ․ անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» օրացույցում ընդգրկված է նաև հայոց լեզվի Համշենի բարբառը։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, օրացույցում ներառված են Թուրքիայում լիովին անհետանալու վտանգի ներքո գտնվող այնպիսի լեզուներ, ինչպիսիք են՝ աբխազերենը, չերքեզերենը, գագաուզերենը, վրացերենը, հայոց լեզվի Համշենի բարբառը, լադինոն, լազերենը, Պոնտոսի հունարենը, գնչուերենը, ասորերենը և զազայերենը։

Վերոնշյալ հաստատությունները նաև մի տեսագրություն են պատրաստել, որում Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչները ամանորյա շնորհավորանքներ են հղում հիշյալ լեզուներով։

Հայոց լեզվի համշենի բարբառով իր ազգակիցներին շնորհավորում է ստամբուլաբնակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանի մանկահասակ դուստրը, ով մասնավորապես ասում է․ «Աշխարհիս էմմենոքեց Նոր դաին երանդ էլլի, սոյ էլլի։ Ձիլ ու ձաղիկ էլլեք, խենդաք ու ձիձաղեք» («Աշխարհում ապրող բոլորի Նոր տարին շնորհավոր լինի։ Ծիլ ու ծաղիկ լինեք։ Խնդաք ու ծիծաղեք»)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում